Եվրոպական միությունն աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա, իսկ ստատուս-քվոն տարբերակ չէ: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարոզուն՝ Բելգիայում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

«Մենք նախկինի պես լրջորեն անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում շփման գծում տեղի ունեցող զինված միջադեպերից եւ տարածաշրջանի շարունակվող ռազմականացումի: Այդ հակամարտության շարունակումը տարածաշրջանի զարգացման հիմնական խոչընդոտն է»,- նշել է նա:

Դիվանագետը նշել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ հետայսու աջակցելու է տարածաշրջանային համագործակցության զարգացմանը եւ «Արեւելյան գործընկերության» միջոցով բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը:

«Վերջապես, թույլ տվեք ասել, որ ԵՄ-ն շարունակում է խիստ աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Մենք կոչ ենք անում կողմերին պահպանել հավատարմությունն այդ պատմական գործընթացին»,- նկատել է նա: