Մեր բոլոր պահանջները լսելուց հետո ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը խոստացավ, որ առաջիկա օրակարգում այդ հարցը կրկին կքննարկվի, բայց թե ինչ որոշում կկայացվի, նա դժվարացավ պատասխանել: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց «Գուդվին-ԲԵՏ»-ի տնօրեն Սարգիս Միքայելյանը, ով այլ 4 անձանց հետ հանդիպում էր ունեցել Բաբկեն Թունյանի հետ:

Տնօրենն ասաց, որ ընկերությունը հնարավորություն կունենա մեկ ու կես տարի աշխատելու, եւ հետագա անելիքները այդ ընթացքում կորոշի. «Այս նախագիծը ծառայում է այլ նպատակի: Այն մարդիկ, որենք ինտերնետ տիրույթում ուժեղ են, այն մարդիկ, որոնք չունեն այդ «պրոդուկտը», կարողանում են իրենց ֆինանսական հարցերը լուծել ինտերնետ տիրույթի միջոցով, եւ եկամուտներ ստանալ, այդ դեպքում՝ մենք ստիպված ենք լինում փակվել»,- ասաց Միքայելյանը:

Անդրադառնալով նախագծի այն կետին, որ Երեւան քաղաքից դուրս պետք է լինեն բուքմեյքերական ընկերությունները, Միքայելյանն ասաց, որ տարի ու կես աշխատելուց հետո կորոշեն անելիքները: Նա հավելեց, որ ներկայացված նախագիծը ծառայում է տիրույթում առաջատար ընկերությանը՝ «Վիվարոբեթ»-ին:

«Եթե տիրույթում գործում է 4 ընկերություն, եւ այս նախագիծն էլ կոնկրետ ծառայում է առաջատար ընկերության շահերին, որն էլ այս տիրույթում առաջատար՝ «Վիվարոբեթ»-ն է: Թե ինչու է այդպիսի խտրականություն արվում, ես չեմ կարող ասել: Դա հարցրեց նախագծի հեղինակին: Մենք «Վիվարոների» դեմ պայքարելու խնդիր չունենք: Մենք պայքարում ենք մեր հիմնարկի աշխատանքային ընթացքի համար»,- ասաց ընկերության տնօրենը:

Այնուհետեւ դրսում կանգնած ցուցարարներին տնօրենն ասաց, որ վերջացնեն բողոքի ակցիան, եւ գնան իրենց գործերին: Աշխատակիցների միջեւ եղավ պայմանավորվածություն, որ եթե այս անգամ էլ իրենց չգոհացնի հանձնաժողովի քննարկումը, կրկին կդիմեն բողոքի տաբեր դրսեւորումների:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 29-ին, առավոտից բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները Հայաստանի ԱԺ դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակով օրինագծի, որը հավանության է արժանացել ԱԺ տնտեսական հանձնաժողովի կողմից եւ ուղարկվել ԱԺ քննարկմանը: Ցուցարարները փակել էին Բաղրամյան պողոտան եւ պահանջում էին հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Մի քանի ժամ տեւած ակցիայից հետո, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջամտությամբ, ընկերության աշխատակիցներից կազմվեց 5 հոգանոց խումբ, եւ հանդիպում եղավ ՀՀ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ:

Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովը հավանության է արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։ Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից:

Նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը եւ պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»): Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարեւոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում: