«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը ողջունելի քայլ է, սակայն շատ ռադիկալ եւ ռիսկային է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 16-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
«Միանշանակ ողջունում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական դրսեւորումը, համարձակ գործընթացը: Նրանք, ովքեր այս իշխանության հետ ճանապարհ չունեն, պահանջում են հրաժարականներ եւ կոնկրետ առաջարկներ ունեն, մենք համախոհներ ենք, ես որեւէ խնդիր չեմ տեսնում:
Աջակցությունս եմ հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանին»,-հայտարարեց ՀԱԿ ներակայցուցիչը` հավելելով, որ «Ժառանգության» առաջնորդի քայլը անսպասելի էր:
Արամ Մանուկյանի խոսքով` որեւէ պահանջ դնելուց առաջ պետք է վստահ լինել, որ իշխանությունը կբավարարի այդ պահանջը, ինչը կասկածելի է Հովհաննիսյանի պարագայում: «Եթե պահանջ ես դնում, ու վստահ չես, որ շատ արագ այդ հարցը լուծվելու է, դու կարող ես հայտնվել դժվար վիճակում: Անժամկետ հացադուլը շատ ռադիկալ է եւ շատ վտանգավոր է, ես չէի անի»,-հայտարարեց Մանուկյանը:
Նա նաեւ ակնարկեց, որ ճիշտ կլիներ, որ Հովհաննիսյանը միանար համաժողովրդական շարժմանը եւ ՀԱԿ-ի հետ մեկտեղ պայքարեր իշխանափոխության համար:
Հարցին, թե եթե «Ժառանգության» առաջնորդը վաղը գա եւ միանա ՀԱԿ հանրահավաքին, եւ ելույթ խնդրի, նրան թույլ կտա՞ն դա անել, ՀԱԿ ներկայացուցիչը արձագանքեց, թե պետք չէ կասկածել Րաֆֆի Հովհաննիսյանի խելքին ու հավելեց. «Թողեք ինքը այդ որոշումը կայացնի, նոր այն ժամանակ կխոսենք»:





























