Ադրբեջանի իշխանություններն իրենց բնորոշ ոճով են պատասխանել հայկական կողմի բարի կամքին:  Ի պատասխան Հայաստանի ՊՆ հայտնած պատրաստակամության` հանձնել Հայաստանում գտնվող երկու ադրբեջանցի ռազմագերիներին, Ադրբեջանը համաձայնվել է վերադարձնել միայն մեկ քաղաքացիական անձի, այն դեպքում, երբ Ադրբեջանում են գտնվում 6 հայ քաղաքացիական անձինք եւ 6 ռազմագերիներ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակին, որ միայն մեկ քաղաքացիական անձի կվերադարձնի, ում անունը չի հաղորդվում:

Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ենթադրություն հայտնեց, որ խոսքը Տավուշի մարզի բնակիչ Արթուր Բադալյանի մասին է, ում ադրբեջանցիներն առեւանգել էին դեռ 2009թ. եւ առնվազն մեկուկես տարի հերքում էին նրա գոյությունը, եւ միայն անցած տարվա նոյեմբերին հաստատեցին, որ Բադալյանը գտնվում է Ադրբեջանում: Նշենք, որ Ադրբեջանում են գտնվում 6 հայ քաղաքացիական անձինք` Արթուր Բադալյանն ու 5 անձից բաղկացած մի ընտանիք` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները, որոնք անցել են ադրբեջանական սահմանը անցած տարվա հունվարին:Կապրիելյանը քիչ հավանական է համարում, որ Ադրբեջանը հանձնի այդ ընտանիքի անդամներից որեւէ մեկին, քանի որ նրանց արդեն քաղապաստան եւ կեցության իրավունք է տրվել:

Ադրբեջանական գերության մեջ են գտնվում նաեւ զինծառայողներ Հրանտ Մարկոսյանը, Ալիկ Թեւոսյանը, Արթուր Սարգսյանը, Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը, իսկ Հայաստանում գտնվում են ադրբեջանցի զինծառայողներ Անար Հաջիեւն ու Ռոման Հուսեյնովը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 5-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։ Նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են

-Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը

-Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:

Նշենք, նաեւ որ հանդիպման նախօրեին ադրբեջանական դիպուկահարի գնդակից զոհվել էր հերթական հայ զինվորը: Պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է ընդունել միջնորդների` շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ առաջարկությունը: