Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր՝ մարտի 16-ին ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Սոչիում մարտի 5-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքները: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա հնարավոր կլինի առաջընթաց գրանցել բանակցային գործընթացում:
Նա Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրել շփման գծում ադրբեջանական կողմից կազմակերպվող շարունակական սադրանքների եւ զինդադարի խախտումների վրա` նշելով, որ դրանք չեն նպաստում բանակցային գործընթացում դրական մթնոլորտի ձեւավորմանը եւ հավելեց, որ եթե Ադրբեջանը համաձայնություն տար ընթացքում Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության կողմից վերջին երկու տարվա ընթացքում հնչող կոչերին` դուրս բերել դիպուկահարներին շփման գծից եւ ամրապնդել զինադադարի ռեժիմը, դա կնպաստեր խաղաղ գործընթացի առաջընթացին:
Զրույցի ընթացքում համանախագահները նախարարին ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները:


























