Հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչները Թուրքիայում կտեղակայվեն ռուսական զենիթահրթիռային Ս-400 համալիրների գործողության գոտուց դուրս, հինգշաբթի ասել է ԱՄՆ-ում թուրք դեսպան Սերդար Քըլըչը՝ հանդես գալով Վաշինգտոնում Ազգային մամուլի ակումբում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ Ս-400-ները եւ F-35-ները կգտնվեն երկրի երկու կոնկրետ շրջաններում։

Թուրք դիվանագետը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իսրայելական F-35-ները թռչում են Սիրիայի վրայով, որտեղ նույնպես կան ռուսական Ս-400 ԶՀՀ-ներ, բայց դա հարցեր չի առաջացնում ԱՄՆ-ում։

«Բայց երբ խոսքը վերաբերում է Թուրքիային, որը փորձում է հակաօդային պաշտպանության համակարգ տեղակայել, այլ ոչ թե հարված հասցնելու համակարգ, ապա խնդիրներ են առաջանում»,- նշել է Քըլըչը։

Նա հավաստիացրել է, որ ԶՀՀ-ների վրա կաշխատեն միայն թուրք զինվորականները։

Չորեքշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ առաջարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ստեղծել Ս-400-ների վերաբերյալ աշխատանքային խումբ։ Թուրքիան արդեն ասել է, որ չի հրաժարվի գնել Ս-400-ներ, եւ որ առաջին խմբաքանակը ստանալու է հուլիսին։

ԱՄՆ-ը հայտարարում է, որ Ս-400 համակարգերը անհամատեղելի են ՆԱՏՕ չափորոշիչներին, սպառնում է պատժամիջոցներով դրանց հնարավոր ձեռքբերման պարագայում եւ քանիցս ասել է, որ կարող է ձգձգել կամ չեղարկել Թուրքիային F-35  նորագույն ինքնաթիռներ վաճառել։ Թուրքիան ԱՄՆ միջազգային ծրագրի մասնակիցներից է F-35  ինքնաթիռների գծով։ Թուրքիայում քանիցս ասել են, որ Ս-400-ները սպառնալիք չեն ներկայացնում ամերիկյան F-35-ներին։