Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է, որ կհաղթի մեկ տարում երկրորդ խորհրդարանական ընտրություններում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Այն բանից հետո, երբ նրան չհաջողվեց կառավարող կոալիցիա եւ դրա վրա հենվող կառավարություն ձեւավորել, Քնեսեթը քվեարկեց ինքնացրման մասին եւ սեպտեմբերի 17-ին ընտրություններ նշանակեց, որոնց արդյունքներով կստեղծվի նոր կառավարություն եւ կորոշվի նրա ղեկավարը։

«Մենք կանցկացնենք սուր, պարզ ընտրարշավ եւ կհաղթենք»,- ասել է Նեթանյահուն լրագրողներին։

Իր անհաջողության մեղավոր նա համարել է պաշտպանության ռուսախոս նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանին, որի «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը հրաժարվեց զիջումների գնալ ուլտրաուղղափառներին հրեական ճեմարաններում՝ եշիվներում սովորողներին բանակ զորակոչելու հարցում։