Ապահովագրական ընկերությունները պարտադիր ավտոապահովագրության մասով աշխատում են 55-60 տոկոս վնասաբերությամբ (այսինքն ապահովագրական հատուցումների հարաբերակցությունը ապահովագրական վճարներին): Այսօր՝ մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը։
Նրա տվյալներով՝ ապահովագրական ընկերությունները հավաքագրել են 10,1 մլրդ դրամ, առաջին 2 ամսվա արդյունքներով որպես հատուցում վճարել են մոտ 500 մլն դրամ, եւս 630 մլն դրամի հատուցման գործեր ընթացքի մեջ են։ Այն հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ ապահովագրական ընկերությունների վնասաբերության մասին տեսակետը, եթե մինչ այժմ նրանք հատուցել են հավաքագրված գումարների ընդամենը 5 տոկոսը, Վ. Ավետիսյանը պատասխանեց, թե հավաքագրված գումարների մի մասը 2012 թ. ապահովագրություն է։ Թե ո՞ր մասը՝ նա դժվարացավ նշել, սակայն հիշեցրեց, որ տարեվերջին ապահովագրված էին մեքենաների մոտ 50 տոկոսը, որից հետո ապահովագրական գումարների մի մասը ստացվել է 2012 թ. համար։ Վ, Ավետիսյանը հավաստիացնում է, որ ապահովագրական ընկերությունների գերշահույթների մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում։
Նշենք, որ ԱՊՊԱ-ն իրականացնում են 8 ապահովագրական ընկերություններ։





























