Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է ցանկացած քաղաքական ուժի, որը քայլեր է անում հասարակության մեջ քաղաքացիական գիտակցություն ձեւավորելու համար:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 16-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի անդամ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: «ՀԱԿ-ը ոչ քաղաքական դաշտն է սեփականաշնորհել, ոչ Մատենադարանը: Բոլոր այն քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, որոնք ժողովրդի հավաքական կամքին ներդաշնակ են գործում, նրանք քաղաքացիական դրսեւորում ունեցող մարդիկ են, կառույցներ, կուսակցություններ:
Մեզ համար կապ չունի, թե ո՞վ է այս իշխանությունից պահանջում հրաժարական, ո՞վ է ժողովրդի իրավունքների կամ ժողովրդավարության համար պայքարում»,-հայտարարեց Մանուկյանը: Նա նաեւ հավելեց, որ իր համար ընդունելի է նաեւ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանի կողմից իրականացվող քայլերը: «Ինչ-որ անում են, որն այս ժողովրդին, քաղաքացուն քաղաքացի է սարքում, նրան իրավունք ու հույս են տալիս, ես ողջունում եմ: Մենակ չխաբեն, մենակ Գեղամյան ու Արթուրիկ չլինեն, վտանգը դա է»,-նկատեց Մանուկյանը:
Նա հայտարարեց, որ իշխանությունների կողմից հասարակության մեջ տարիներ շարունակ սերմանված վախը այլեւս անհետացել է, ինչի մասին են վկայում հանրապետության տարբեր մարզեր ու շրջաններ ՀԱԿ-ի կատարած այցելությունները: «Մեր հասարակությունը ոչ թե հացի համար կռիվ տվող, հաց գողացող, ապակի ջարդող հասարակություն է, այլ հաց վաստակելու իրավունքի համար պայքարող հասարակություն»,-նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը:
Նա նաեւ անդրադարձավ ՀԱԿ մարտի 17-ի հանրահավաքին եւ նշեց, որ ամփոփելու են նախորդ հանրահավաքի ժամանակ իշխանություններին առաջադրված պահանջների կատարումը եւ ավելի ռադիկալ պահանջների ու գործողությունների պահանջ են դնելու:





























