Պարտադիր ավտոապահովագրության գծով լուրջ կեղծարարություններ չկան։ Այսօր՝ մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ ԱՊՊԱ-ի ողջ գործընթացը իրավաբանորեն կարգավորված եւ պլանավորված է, ինչը տեղ չի թողնում լուրջ կեղծարարությունների համար, ինչն այլ երկրներում հասնում է ապահովագրական դեպքերի 5-35 տոկոսին։
Ըստ Վ. Ավետիսյանի՝ Հայաստանում հիմնականում արձանագրվում են մանր կեղծարարություններ, երբ դեպքը իրապես տեղի է ունենում, սակայն վարորդները ձգտում են ավելի շատ հատուցում ստանալ, փոխվում են մեղավորներն ու վնասի աստիճանը։ Դրանք էլ հնարավոր է կանխել փորձագետների հմտությունների աճի միջոցով։
Նշենք, որ ապահովագրական մի քանի ընկերությունների ղեկավարներ, մասնավորապես՝ «Ռոսգոսստրախ Արմենիան» ու «Ինգո Արմենիան» հայտարարել են ԱՊՊԱ-ում կեղծարարությունների տարածման մասին, որի առթիվ հարուցվել են քրեական գործեր։





























