«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում դոլարի միջին փոխարժեքն այսօր՝ մարտի 16-ին կազմել է 370,24 դրամ։ 2011 թ. ընթացքում առաջին անգամ է դոլարի բորսայական արժեքը գերազանցում 370-ի սահմանագիծը։
Ընդհանուր առմամբ վաճառվել է 9,3 մլն դոլար։ Չի բացառվում, որ Կենտրոնական բանկը միջամտել է փոխարժեքին, քանի որ փակման գինը իջել է 369,25։
Նշենք, որ արժությաին շուկայում դրամի արժեզրկման սպասումներ կային մինչ բորսայի նստաշրջանի սկսվելը։ Կանխիկ արտարժույթի փոխանակման կետերն երեկ երեկոյան արդեն իսկ սահմանել էին դոլարի առքի բավական բարձր գին՝ 369 դրամ մեկ դոլարի դիմաց։
Հաշվի առնելով, որ բորսան փակվել է նվազումով՝ բորսայի նստաշրջանի ավարտից հետո առեւտրային բանկերն էապես չեն բարձրացրել դոլարի առքի կամ վաճառքի գինը։ Ըստ ավանդության՝ «Արմսվիսբանկը» սահմանել է դոլարի առքի ամենաբարձր գինը՝ 369,5 դրամ։ Դոլարը փոխանակման կետերում վաճառվում է 371-72 դրամով։
Փոխարժեքային այս աժիոտաժի պատճառը հավանաբար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի օրեր առաջ կատարած այն հայտարարությունն է, որ տարվա ընթացքում դրամը չափավոր կարժեզրկվի։ Սա բանկերի մոտ որոշակի սպասումներ է ձեւավորել, ու թեեւ նրանք ունեն դոլարային ավելցուկ՝ չեն շտապում ձերբազատվել դոլարներից։



























