Երեւանի Ազնավուրի հրապարակում գտնվող Հայկական «Փառքի ծառուղուց» հայ երկու կինոգործիչների՝ Ռուբեն Մամուլյանին եւ Անրի Վեռնոյին նվիրված աստղերի կտորներ են գողացվել։
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, գողերին, ամենայն հավանականությամբ, հետաքրքրել է մետաղը, որից պատրաստված են եղել աստղերը՝ արույրը։ Գողությունը կատարվել է 3-4 օր առաջ։
Նշենք, որ Աստղերի պատը «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ բացվել է 2010 թվականի հուլիսի 12-ին։ Բացվել են 4 աստղեր՝ նվիրված հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանին, կինոռեժիսորներ Ռուբեն Մամուլյանին, Սերգեյ Փարաջանովին եւ Անրի Վեռնոյին։
Հատկանշական է, որ աստղերը գողանալուց առաջ փառատոնի կազմակերպիչներն ավելի լավ ամրացնելու նպատակով հանել էին Փարաջանովի եւ Բեկնազարյանի աստղերը։ Նրանց աստղերը չեն գողացել, ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով։





























