Դեղորայքային թունավորմամբ, մարտի 15-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Ալեքսեյ Ներսիսյանը համապատասխան բուժօգնոթյուն ստանալուց հետո նույն օրը դուրս է գրվել հիվանդանոցից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց բուժկենտրոնի հերթապահ բժիշկ Լեոնիդ Նիկոլաեւիչը։  

Նրա խոսքով, երիտասարդը ծանր վիճակով իրենց մոտ տեղափոխվել է «Դիազեպամ» քնաբերի 20 կոճակը գարեջրի հետ խառնելու հետեւանքով։ «Այդ տղային անգիտակից վիճակում հասցրել են մեզ մոտ, համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո նա օյաղացել է (սթափվել), սկսել է քրֆել (հայհոյել) ու հետո թողել հեռացել է»,- կես կատակ-կեսլուրջ պատմեց բժիշկը։

Լեոնիդ Նիկոլաեւիչը տեղեկացրեց նաեւ, որ Ալեքսեյ Ներսիսյանը իրենց հին պացիենտներից է, եւ սա եղել է նրա հետ պատահած դեղորայքային թունավորման հերթական դեպքը։

Նշենք, որ Երեւան քաղաքի 29-ամյա բնակիչ Ալեքսեյ Ներսիսյանը  դեղորայքային թունավորումով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվել էր մարտի 15-ին: Տուժածի առողջական վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր: