Եվրամիությունը պետք է հստակ ազդակ հաղորդի բանակցող կողմերին, որ եթե կողմերից որեւէ մեկը փորձի հարցը լուծել ուժային եղանակով, ապա միջազգային հանրությունն այդ կողմի նկատմամբ կիրառելու է խստագույն պատժամիջոցներ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Բելգիայում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հարցու պատասխանի ժամանակ:
«Եթե միջազգային հանրության կողմից լինի այսպիսի հստակ ազդակ, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ապա ձեզ հավաստիացնում եմ, որ դա կլինի ձեր լավագույն օժանդակությունը, որպեսզի մեր բանակցությունները հասնեն հաջողության»,- ասել է նա:
«Այն աշխատանքը, որ կատարել է Մինսկի խումբը, կարծում եմ` բավարար հիմքեր ստեղծել են, որ ԼՂ հարցն ստանա խաղաղ կարգավորում, քանի որ այն փոխզիջումային լուծումները, որոնք առաջարկվում են, մեր կարծիքով, կարող են հիմք հանդիսանալ բանակցությունների համար։ Եե միջազգային հանրության կողմից լինի հստակ այդպիսի ազդակ, որ ռազմական ճանապարհով այս հարցը չի լուծվի, ապա երկու կողմերն էլ կարող են էապես կրճատել իրենց ռազմական ծախսերը։ Բայց քանի դեռ երկու կողմերից մեկը տեսնում է, որ կա շատ մեծ հավանականություն եւ հնարավորություն` հարցը լուծելու ռազմական ճանապարհով եւ էական մեծ ծախսեր է կատարում այդ առումով, հասկանալի է, որ բանակցությունները հաջողությամբ չեն կարող ավարտվել։
Ինչպե՞ս կարող է ԵՄ-ն մեզ օգնել այդ հարցում, եթե կողմերն ունեն տարբեր պատկերացումներ հակամարտության լուծման վերաբերյալ, նշանակում է` այդ կողմերի` արդարության ընկալումը շատ տարբեր է։ Արդարության ընկալումն արժեհամակարգ է։
Եվ այս իմ թեզով ես ուզում եմ պատասխանել նաեւ երկրորդ հարցին` տարածաշրջանում խաղաղություն ապահովելու գործում ԵՄ օժանդակությունն ինչպիսին կարող է լինել։ Լավագույն ձեւն արժեքների միասնական հարթակի ձեւավորումն է տարածաշրջանում։ Եթե արժեքների շուրջ գանք համաձայնության, ապա մեզ հեշտ կլինի բոլոր կոնֆլիկտային հարցերի շուրջ գալ համաձայնության։ Այդ տեսակետից ես այսօր տեսնում եմ միայն մեկ ճանապարհ. այն է` Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ Հայաստանը հայտարարեն, որ իրենց համար կարեւոր, էական նշանակություն ունի եվրաինտեգրումը եւ այն արժեքները, որոնց հիման վրա ձեւավորվել է ԵՄ-ն։ Չորս երկրներն էլ իրականացնում են բարեփոխումներ, որոնք մեզ տանում են դեպի եվրաինտեգրացիա»,- նշել է Տ. Սարգսյանը:





























