Երեւանի կենտրոնում` Մատենադարանի մերձակա հրապարակում ժամը 17:20-ի սահմաններում մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հերթական բազմահազարանոց հանրահավաքը:

Ինչպես հայտնում է NEWS.am-ը, հարթակում են գտնվում ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը եւ ընդդիմադիր դաշինքին անդամակցող մյուս կուսակցությունների ներկայացուցիչները:

Հանրահավաքը վարող, Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, թե այս հրապարակում պատմություն է կերտվում եւ ներկաներին շնորհավորել է այդ պատմական գործընթացի մասնակիցը լինելու համար:

Հանրահավաքը բազմամարդ է եւ մասնակիցները մեծ ոգեւորությամբ են լսում հռետորներին: Նրանք նաեւ վանկարկում են «Հի-մա»` գործողությունների կոչ անելով ընդդիմության առաջնորդներին:

Հանրահավաքի մասնակիցները նաեւ հարգել են Ճապոնիայի երկրաշարժի եւ Լիբիայում Քադաֆիի վարչախմբի զոհերի հիշատակը: