Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներն իրենց տասնյակ հազարավոր կողմնակիցներին ուղարկում են Ազատության հրապարակը նվաճելու:

Ինչպես ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, 2008-ի մարտից իշխանություններն արհամարհում են Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու ժողովրդի իրավունքը եւ այսօր եկել է ժամը, երբ ժողովրդի այդ իրավունքը պետք է վերականգնվի: Լեւոն Զուրաբյանը նշել է, որ իրենց երթը կանցնի Թումանյան փողոցով, այնուհետեւ ինքը կմոտենա ոստիկաններին բանակցելու համար: Նա կոչ է արել հանրահավաքի մասնակիցներին մինչեւ բանակցությունների ավարտը մնալ Մաշտոցի պողոտայում:

Հանրահավաքից NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ հանրահավաքից հետո սկսվել է ընդդիմության բազմահազարանոց երթը:

Հիշեցնենք, որ այս պահին Ազատության հրապարակում հացադուլ է անում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: