Շփման գծում Ադրբեջանի գործողությունները, որոնց  արդյունքում զոհվել են հայ զինծառայողներ, ոչ միայն նախագահների Սոչիի հանդիպումից առաջ եւ հետո, այլեւ տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գտնվելու ժամանակ, միտված են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանը: Այդ մասին Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ընդ որում, նա ընդգծել է, թե հայկական կողմը պատրաստ է աջակցել այն դրական մթնոլորտին, որ ձեւավորվել է նախագահների` Սոչիում կայացած հանդիպումից հետո:

Նալբանդյանը նշել է նաեւ, որ հրադադարի ռեժիմը եւ Սոչիի պայմանավորվածությունները պահելու փոխարեն, Բաքուն հանդես է գալիս անհեթեթ հայտարարություններով իբր 10-ամյա երեխայի սպանության մասին, ինչը տեխնիկական տեսանկյունից անհնար է. «Ե´վ Հայաստանը, ե´ւ Լեռնային Ղարաբաղը բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են հետեւել հրադադարի ռեժիմի ամրապնդմանը»: