Ես ցանկանում են հանդես գալ «վեթինգ» բառի կիրառումից ամբողջությամբ հրաժարվելու խնդրանքով, որովհետեւ այն ոչ միշտ է դրական բեռ կրում: Հուլիսի 1-ին ԱԺ արտահերթ նիստում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության քննարկման ժամանակ ասաց թափուր պաշտոնի թեկնածու Աննա Մարգարյանը, ում առաջադրել է իշխող «Իմ քայլը» դաշինքը:
Նրա խոսքով՝ տվյալ դեպքում խնդիրը բուն վեթինգը չէ: «Մեր առջեւ խնդիր է դրված ապահովել դատական համակարգի կանոնավորությունը, ապահովել արդար, անկողմնակալ, մարդու իրավունքները հարգող եւ սեփական համոզմունքների ու իրավունքների վրա հիմնվող դատավոր: Սրանք պետք է չափանիշներ լինեն, որոնց վրա հիմնվելու ենք, հետեւաբար ես չէի ասի, որ մենք վեթինգ ենք իրականացնելու այս բառի դասական իմաստով»,- ասաց Մարգարյանը:
Նա ընդգծեց, որ դատավորների մասնագիտական գործունեությանը պետք է ներկայացվեն հստակ պահանջներ, եւ միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել Հայաստանի դատական համակարգում անհրաժեշտ բարեփոխումների իրականացման եղանակների մասին:





























