Թուրքիայի Ադանա քաղաքում 18-ամյա տղան իմանալով, որ մայրը սիրեկան ունի, ժամադրել է նրան եւ հենց փողոցում սպանել։ Սպանությունը նկարահանվել է դեպքի վայրի մոտ գտնվող բենզալցակայանի անվտանգության տեսախցիկով։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ադանայում ամուսնացած եւ 2 երեխայի հայր 35-ամյա Մեհմեդ Քարան արտամուսնական կապի մեջ է մտել ամուսնացած եւ 3 երեխաների մայր Հ. Ջ.-ի հետ, ում ամուսինը գործի բերումով հաճախակի բացակայել է քաղաքից։
Հ.Ջ.-ի որդին՝ 18-ամյա Դ.-ն կասկածելով, որ մայրը սիրեկան ունի, թաքուն վերցրել է նրա հեռախոսը եւ կարդացել Մեհմեդի ուղարկած սիրային հաղորդագրություններն ուղղված իր մորը։ Որդին իր մոր անունից հաղորդագրություն է գրել Մեհմեդին՝ նշելով, թե կարոտել եւ ուզում է հանդիպել։
Բանից անտեղյակ Մեհմեդը գնացել է հանդիպման վայրը, որտեղ նրան են սպասել Դ-ն՝ իր ընկերների հետ։ Տեսնելով տղաներին, Մեհմեդը փախել է, սակայն բենզալցակայանի մոտ նրան հասել են եւ սկսել ծեծի ենթարկել։ Ծեծի ընթացքում Դ.ն բազմաթիվ անգամ դանակահարել է Մեհմեդին, ով տեղում մահացել է։
18-ամյա Դ.ն եւ նրա հանցակից ընկերները ձերբակալվել են։





























