Կուբայի ղեկավարությունը դատապարտել է ԱՄՆ վարչակազմի կողմից երկրի դեմ սահմանված նոր պատժամիջոցները, հայտնել է ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր մտցրել կուբայական Cubametales արտահանող ընկերության դեմ, ինչը կապված է Վենեսուելայում իրավիճակի հետ: Վաշինգտոնում պնդում են, որ Կուբայի պետական արտահանող-ներմուծող նավթային ընկերության դեմ պատժամիջոցները պայմանավորված են «Վենեսուելայից նավթի ներմուծման շարունակմամբ»:

«ԱՄՆ-ն իրավունք չունի միակողմանի միջոցներ սահմանել կուբայական ընկերությունների կամ որեւէ ընկերության նկատմամբ, որն առեւտուր է կատարում Վենեսուելայի հետ: Սա միջազգային իրավունքի, նորմերի խախտում է, որոնք կարգավորում են առեւտուրը, եւ հարձակում ինքնիշխան պետությունների հարաբերությունների վրա»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է Ռոդրիգեսը: