Միջազգային կոալիցիոն ուժերը շարունակում են օդային հարվածներ հասցնել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի վերահսկողության տակ գտնվող ռազմական օբյեկտներին. Լիբիայի արեւելքում նրանք ռմբահարել են ռազմաօդային ուժերի երկու ռադիոտեղորոշիչ կայան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կոալիցիայի ռազմաօդային ուժերը մի քանի հարված են հասցրել Տրիպոլիում գտնվող օբյեկտներին,  այդ թվում` Քադաֆիի նստավայերերից մեկին: Լիբիական իշխանությունները հայտնել են կոալիցիայի գործողություններից տուժած մեծ թվով զոհերի եւ վիրավորների մասին:

Միաժամանակ Քադաֆիին հավատարիմ ուժերը շարունակում են ապստամբների դեմ ցամաքային ռազմական օպերացիան: Լիբիայի հարավում գտնվող Զինտան  քաղաքի բնակիչներն ասել են, թե իրենց բնակավայրը մարտի 21-ին Քադաֆիի ուժերի կողմից գնդակոծվել է,  քաղաքի շուրջը  հավաքվել է  առնվազն 40  տանկ:

Կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, թե Լիբիայի մեծությամբ երրորդ քաղաքը` Միսրատան, « վերջնականապես ազատագրված է»: