Թերթը գրում, է որ 2010-ի հունվարի 11-ին Համբուրգի Լոհբրյուգգեի ժամանցի վայր հանդիսացող սպորտային կենտրոններից մեկում վեճ էր սկսվել արական սեռի 17 ներկայացուցիչների միջեւ, որն ավարտվել էր կրակոցներով: Գերմանաբնակ երկու խմբավորումները, որոնց ներկայացուցիչները ծագումով Հայաստանից են, թշնամացած հարաբերություններ են ունեցել:
Առճակատումից հրազենից վիրավորվել էր Հյուսիս-Հռենոս-Վեստֆալիա երկրամասից ժամանած խմբավորման անդամներից 39-ամյա Վաչագան Վ.-ն, վերջինիս տեղափոխել էին հիվանդանոց: Նրա վիճակն այժմ լավ է, գտնվում է տանը: Սպորտային կենտրոնի անվտանգության պահպանության տեսանկարահանող համակարգը միացված էր եղել, ժապավենը հանձնվել էր քննության:
Երկուշաբթի` մարտի 21-ին, Համբուրգի լրատվամիջոցները հաղորդել են, թե ժապավենի եւ վկաների օգնությամբ մարտի 18-ին գիշերով արդեն ձերբակալել են քաղաքի տարբեր հատվածներում բնակվող երկու խմբավորումների 3 գլխավոր դերակատարներին` 27, 36, 23 տարեկան տղամարդկանց, որոնց տներում տարատեսակ զինամթերք էլ են գտել, իսկ 36-ամյա կասկածյալի բարձի կողքին լիցքավորված ատրճանակ է եղել: Մյուս անդամներին փնտրում են:
Ըստ իրավապահ մարմինների, վիճաբանությունը ծագել է դրամական փոխադարձ պահանջների պատճառով: Մյունստերաբնակ հայերից մեկի հանցագործություններին տեղի ոստիկանությունն արդեն տեղյակ էր, գրում է «Ազգ»-ը:





























