Թերթը գրում է, որ այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, Հայաստանի համախառն ներքին արդյունքում գրանցվել է 1,4 տոկոս աճ:

Մարտի 21-ի տվյալներով` արդյունաբերական արտադրանքի ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 68 մլրդ 950,7 մլն դրամ` 2010թ. փետրվարի համեմատ աճելով 2,6 տոկոսով:

2011թ. փետրվարին հանրապետությունում արտադրվել է 588,8 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա` 2010թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 22,1 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը այս տարվա փետրվարին եղել է 20 մլրդ 16,9 մլն դրամ, ինչը 2010-ի նույն ամսվա համեմատ աճել է 0,1 տոկոսով:

Այս տարվա փետրվարին իրականացվել է 12 մլրդ 27,1 մլն դրամի շինարարություն, որը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4,1 տոկոսով: Առեւտրի շրջանառության ընդհանուր ծավալը 2011թ. փետրվարին եղել է 121 մլրդ 797,8 մլն դրամ:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) այս տարվա փետրվարին եղել է 57 մլրդ 853,9 մլն դրամ` 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 6,3 տոկոսով: Գնաճը հանրապետությունում կազմել է 12.4 տոկոս:

2011թ. փետրվարին զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը եղել է 108 հազար 220 դրամ՝ 2010թ. փետրվարի համեմատ ավելացել է 5,7 տոկոսով:

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2011թ. փետրվարին կազմել է 133,1 մլրդ դրամ, ընդ որում` Հայաստանից կատարվել է 32,9 մլրդ դրամի արտահանում, 100,2 մլրդ դրամի` ներմուծում:

Այս տարվա փետրվարին դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ եղել է 365,06։