Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Սլովենիա այցի ժամանակ մեկնաբանել է նախօրեին ստեղծված իրավիճակը, երբ ինքը Լիբիայի դեմ ռազմական օպերացին համեմատել էր խաչակրաց արշավանքի հետ, իսկ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն անթույլատրելի էր համարել նման ձեւակերպումները:

«Ինչ վերաբերում է Լիբիայի իրադարձություների շուրջ Ռուսաստանի ղեկավարության հայացքների միասնականությանը կամ տարբերությանը,  ապա Ռուսաստանի Դաշնությունում նախագահն է ղեկավարում արտաքին քաղաքականությունը, եւ այստեղ երկատում չի կարող լինել», – ասել է Պուտինը: «Մենք մտերիմ ենք եւ հասկանում ենք իրար », – հայտարարել է նա:

Դրանից հետո Սլովենիայի իր գործընկերոջ հետ ասուլիսում Պուտինը շարունակել է պնդել, որ Լիբիայիում ռազմական օպերացիան ողբերգություն է, եւ դրան հավանություն տվողները պետք է աղոթեն իրենց հոգիների փրկության համար: Նա կոչ է արել մտածել անմեղ զոհերի մասին: «Բայց այդ մասին, իհարկե,  առաջին հերթին պետք է մտածեն նրանք, ովքեր մասնակից են այդ ողբերգությանը: Մտածեն այդ մասին եւ աղոթեն իրենց հոգիների փրկության համար», – ասել է նա: