Լիբիայի առաջնորդ Քադաֆին երկրից փախչելու ուղիներ է փնտրում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով` ԱՄՆ-ին հայտնի է դարձել, որ որոշ անձինք Քադաֆիի անունից  ուսումնասիրում են լիբիական առաջնորդի` պաշտոնից, եւ, հավանական է, երկրից հեռանալու հնարավորությունները:

«Մասամբ դա թատրոն է, կեղծ ազդանշան հաղորդելու փորձ: Հասկանում եք, թե ինչպես ՄԱԿ ԱԽ բանաձեւից հետո Քադաֆին հայտարարեց հաշտության մասին, սակայն նրա ուժերն ավելի արագ հասան Բենգազի: Շատ հայտարարություններ հենց ուղղված են անկանխատեսելի երեւալուն:  Բայց մասմաբ կարծում ենք, որ դա արվում է (փնտրվում են իշխանությունից հեռանալու ուղիներ): Եւ մենք դա կողջունեինք», -ասել է Քլինթոնը` հիշեցնելով, որ ԱՄՆ-ն դեռ Լիբիայում բախումների սկզբից  պնդում էր, որ Քադաֆին դադարեցնի բռնությունները եւ հրաժարական տա:

Պետքարտուղարը չի կարողացել հաստատել Քադաֆիի որդիներից մեկի մահվան մասին լուրերը: Նա ասել է, որ ամերիկյան կառավարությունը եւս այդ մասին լուրեր ստացել է, սակայն հաստատել դեռեւս չի հաջողվել: