«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ իշխող կոալիցիայի խորհրդարանական խմբակցությունները քննարկելու էին հացադուլը դադարեցնելու կոչով Րաֆֆի Հովհաննիսյանին դիմելու և նրան այցելելու հարցը: Այդ մասին նախօրեին հայտարարել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը`վկայակոչելով Վիկտոր Դալլաքյանի առաջարկը:Քննարկում երեկ այդպես էլ չեղավ, ու կոալիցիայի որեւէ ներկայացուցիչ չայցելեց հացադուլի մեջ գտնվող գործընկերոջը:

Փոխարենն իշխանական որոշ պատգամավորներ որոշել են ուտելիք ուղարկել հացադուլի մեջ գտնվող «Ժառանգության» ղեկավարին: Երեկ մեր հարցին, թե չե՞ք այցելելու Րաֆֆի Հովհաննիսյանին, ՀՀԿ պատգամավոր Վազգեն Կարախանյանը հակադարձեց. «Իսկ ինչի՞ց ենթադրեցիք, որ ես պիտի գնամ»: «Ձեր կարծիքով` պե՞տք է գնալ, թե՞ ոչ»` հարցը վերաձևակերպեցինք մենք: «Ես, ճիշտն ասած, չեմ գնացել, բայց մթերք-բան եմ ուղարկել, ինքը հրաժարվել ա ընդունելուց»:

Հարցրինք` ինչո՞ւ էիք մթերք ուղարկում հացադուլի մեձ նստած մարդուն, փորձում էիք գայթակղե՞լ նրան: «Չէ, իհարկե ոչ: Ես իմ մարդասիրական քայլն եմ կատարել»,-հայտարարեց մարդասեր հանրապետականը: Պարզվեց` ՀՀԿ-ական պատգամավորը հացադուլի մեջ գտնվող «Ժառանգության» ղեկավարին երշիկ, պանիր, հաց, լոլիկ է ուղարկել, որը հետ են ուղարկել Ազատության հրապարակից»: