Թուրքիայում քուրդ բնակչության կողմից նշվող Նովրուզի տոնակատարություններում միջադեպ է տեղի ունեցել քուրդ պատգամավորի եւ թուրք ոստիկանի միջեւ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Վանում Նովրուզի տոնակատարությանը մասնակցելու համար ոստիկանությունը ստուգել է միջոցառման վայր մտնող քաղաքացիներին, նոր թույլ տվել անցնել։ Այդ ընթացքում ոստիկանների շղթային է մոտեցել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Վանից ընտրված պատգամավոր Օզդալ Ուչերը, ով թույլ չի տվել, որ ոստիկաններն իրեն խուզարկեն։
Ոստիկանության հետ վիճաբանության ժամանակ քուրդ պատգամավորը վերցրել է ոստիկաններից մեկի գլխարկը եւ հեռացել դեպքի վայրից։
Ավելի ուշ պատգամավորը հետ է ուղարկել ոստիկանի գլխարկը։ Ոստիկանն իր հերթին դիմել է դատախազություն:
Նշենք, որ Նովրուզի տոնակատարության ընթացքում մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել Շրնաք նահանգի Սիլոպի շրջանում, որտեղ ոստիկանությունը ջրցան մեքենաներով եւ արցունքաբեր գազով ցրել էր քուրդ բնակչության անօրինական երթը։ Հավաքվածների մեջ է եղել քուրդ կին պատգամավոր Սաբահաթ Թունջելը, ով մոտեցել է գործողությունները ղեկավարող ոստիկանապետին եւ ապտակել նրան։
Ոստիկանապետը ավելի ուշ հայտնել է, թե դատական հայց է ներկայացնելու պատգամավորի դեմ։




























