Երեւանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ հայտարարություն են տարածել, որտեղ խիստ մտահոգությունն են հայտնում վերջին ժամանակներում Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման դեպքերի կապակցությամբ, որի ընթացքում զոհվում են հայ զինվորներ
«Խոր ցավով իմացանք, որ 2011 թ. մարտի 17-ին հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ ադրբեջանցիների բացած կրակի հետեւանքով զոհվել է մեր բուհի 20-ամյա ուսանողը, ինչի կապակցությամբ ցավակցություն ենք հայտնում նրա հարազատներին եւ ամբողջ հայ ազգին ու հայտարարում, որ նրա հիշատակը վառ ենք պահելու մեր սրտերում:

Մեկ անգամ չէ, որ ԵՊՀ ուսանողները դիմել են միջազգային կազմակերպություններին` իրենց մտահոգությունը հայտնելով զինադադարի խախտման դեպքերի կապակցությամբ, բայց ադրբեջանական կողմը այդպես էլ որեւէ լուրջ քննադատության կամ դատապարտման չի արժանացել: Եվ հենց  միջազգային հանրության լռությունն ու քար անտարբերությունն են թույլ տալիս ադրբեջանցի ազգայնամոլներին իրականացնելու իրենց ագրեսիվ ծրագրերը:

Օգտվելով առիթից` մեկ անգամ եւս  պահանջում ենք միջազգային կազմակերպություններից, եւ առաջին հերթին ԵԱՀԿ-ից, պարտադրել Ադրբեջանին հարգել պայմանավորվածությունները եւ զինանդադարի պայմանագիրը:

Ցանկանում ենք նաեւ հայ ուսանողության անունից հրապարակավ դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առ այն, որ հայ զինվորի թափված արյունը անպատասխան չի մնալու: Այսօրվա հայ ուսանողը ժառանգն ու գաղափարակիցն է Գարեգին Նժդեհի, Անդրանիկի, Մոնթեի, Թաթուլի, Վազգեն Սարգսյանի եւ հարյուրավոր այլ հերոսների, որոնք իրենց կյանքն են նվիրել հայրենիքի ազատագրման եւ թուրք-ադրբեջանական զավթիչների դեմ պայքարի գործին: Եվ եթե Ադրբեջանը մոտ ժամանակներս առաջին գծից հետ չքաշի դիպուկահարներին, ապա մենք ստիպված ենք լինելու պահանջել մեր երկրի զինվորականներից  դիպուկահարների արձակած կրակին պատասխանել հրետանային համազարկով»,- ասված է հայտարարության մեջ: