ԱՄՆ-ն սկսել է շուրջ 4 հազար ծովայինների եւ ծովային հետեւակայինների տեղաբաշխումը Միջերկրական ծովի շրջանում` Լիբիայում կոալիցիոն գործություններին աջակցելու համար: Ե´վ ցամաքում, ե´ւ ջրում գործող դեսանտային Bataan խմբի զինծառայողները եւ հատուկ պատրաստության այլ խմբավորումներ դեպի Միջերկրական ծով են ուղեւորվում Վիրջինիայի Նորֆոլք եւ Լիթլ-Քրիք քաղաքներից` ջրի վրա իջնող օդանավերով, որոնց թիվը դեռեւս հստակ չէ:  

Դեսանտային խմբի ղեկավար կապիտան Սթիվեն Յոդերի խոսքով ռազմածովային ուժերի ենթակառուցվածքների տեղաբաշխումը իրականացվում է արտապլանային սկզբունքով եւ թելադրված է «Լիբիայում եւ տարածաշրջանում» շտապ անհրաժեշտությամբ:

«Ամֆիբիաները» (ջրի վրա իջնող օդանավերը) արդյունավետ են  լայնածավալ առաքելություն իրականացնելու համար, սկսած հումանիտար օգնությունից մինչեւ ցամաքում եւ ջրում ռազմական գործողությունների իրականացումը, հայտնել է Յոդերը:

Միջազգային կազմակերպությունները հայտնում են, որ արձանագրվել են հազարավոր զոհեր ցուցարարների եւ կառավարական ուժերի միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով:  

Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 17-ին ընդունեց Լիբանանի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի պատվիրակությունների կողմից ներկայացված Լիբիայի վերաբերյալ բանաձեւ։ Բանաձեւի նախագծին կողմ են քվեարկել ՄԱԿ–ի ԱԽ 15 անդամ երկրներից 10–ը՝  Ռուսաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Գերմանիան եւ Հնդկաստանը ձեռնպահ են մնացել քվեարկությունից։

Համաձայն բանաձեւի՝  Լիբիայի տարածքի վրա սահմանվում են ոչ թռիչքային գոտիներ։ Բանաձեւով նախատեսվում է նաեւ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝  խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար։  Բանաձեւում  կոչ է արվում անհապաղ դադարեցնել կրակը եւ վերջ տալ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացվող բռնի գործողություններին։  Փաստաթղթում սահմանվել է նաեւ մի շարք լիբիացի ղեկավարների նկատմամբ պատժամիջոցների խստացումն ու Լիբիայի Կենտրոնական բանկի եւ Լիբիայի ազգային նավթային կորպորացիայի ակտիվները սառեցնելու դրույթը։

Երկրի ղեկավար Մուհամար Քադաֆին Լիբիաին կառավարում է շուրջ 40 տարի: