«Վարդերի հեղափոխությունից» հետո Կրեմլը Վրաստանի նոր իշխանություններին է հանձնել մարդկանց ցանկը, որոնց պահանջել է նշանակել նախարարական պաշտոններում: Այդ մասին հայտարարել է ռեինտեգրացիայի հարցերով պետնախարար Եկատերինա Տկեշելաշվիլին, հաղորդում է apsny.ge-ն:
Պետնախարարը ՆԱՏՕ ԽՎ «Ռոուզ Ռոս» սեմինարի ընթացքում նշել է, թե «ռուս-վրացական հարաբերությունները չեն փչացել վրացական կողմի մեղքով»։
«Առաջինը, ուր մեկնեց նախագահը հեղափոխությունից հետո, Ռուսաստանի Դաշնությունն էր, եւ առաջարկեց մաքուր էջից: Դրանք պարզապես բառեր չէին: Նրանք ի պատասխան ցանկ ուղարկեցին, թե ովքեր պետք է նշանակվեն պաշտպանության, արտաքին գործերի եւ ներքին գործերի նախարարներ: Այնպես որ Վրաստանը չէ, որ փակել է հարաբերությունների դռները: Մեր գլխավոր նպատակն է պահպանել ինքնիշխանությունը, եւ Ռուսաստանը սխալվում է, եթե կարծում է, որ կշեղվենք այդ ուղուց»,- ասել է Տկեշելաշվիլին:
Վրաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղարն իր հերթին նշել է, որ այդ անձինք անմիջապես ազատվել են իրենց պաշտոններից:




























