Թուրքիայում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունն (BDP) ու քրդական «Ժողովրդավարական հասարակության կոնգրեսը» (DTK) որոշում են կայացրել իրենց պահանջները բավարարելու համար քաղաքացիական անհնազանդություն սկսել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ քաղաքացիական անհնազանդության կոչ անողները նշել են, որ իրենք Դիարբեքիրում իրականացնելու են անժամկետ նստացույց՝ պահանջելով լուծել մայրենի լեզվով ուսուցման, քուրդ քաղաքական գործիչների ազատ արձակման, ժողովրդավարական ինքնավարության եւ ընտրական շեմի նվազեցման հետ կապված հարցերը։
«Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիթաշը, փոխնախագահ Գյուլթան Քըշանաքը, «Ժողովրդավարական հասարակության կոնգրես»-ի նախագահ Ահմեդ Թուրքը, փոխնախագահ Այսել Թուղլուքն ու Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրը մամուլի ասուլիս են հրավիրել, որի ժամանակ քննադատել են թուրքական իշխանություններին՝ քրդական հարցի լուծման ուղղությամբ քայլեր չիրականացնելու համար։
Բանախոսները նշել են, որ իրենք պետությունից 4 պահանջ ունեն՝ մայրենի լեզվով կրթության իրավունք, քուրդ քաղբանտարկյալների ազատ արձակում, քրդերի դեմ ռազմական եւ քաղաքացիական գործողությունների շուտափույթ դադարեցում եւ ընտրական շեմի նվազեցում։
Դիարբեքիրում այս կապակցությամբ ոստիկանությունը արտակարգ հավաք է իրականացրել՝ հետ կանչելով արձակուրդի մեջ գտնվող բոլոր ոստիկաններին։





























