ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօրվա դրությամբ ղարաբաղյան կարգավորման գործընթացի ամենաարհեստավարժ ձեւաչափն է, եւ հետեւաբար` ամենաարդյունավետը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նա ընդգծել է, թե ի տարբերություն այլ կառույցների, որոնք հավակնում են ղարաբաղյան կարգավորման մանդատի, Մինսկի խումբը մանրամասն ուսումնասիրել է խնդիրը եւ երբեք հանդես չի գալիս մերկապարանոց կամ սուբյեկտիվ հայտարարություններով: «Ի տարբերություն այլ կառույցների, ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունները զուսպ եւ օբյեկտիվ են, քանի որ միջնորդները մշտապես այցելում են տարածաշրջան, լինում շփման գծում եւ տեղյակ են իրական իրավիճակից: Մինդեռ շատ կառույցների հայտարարություններ գրվում են պաշտոնյաների աշխատասենյակներում` տարբեր աշխարհաքաղաքական եւ նավթա-բենզինային գործոնների ազդեցության տակ»,- նկատել է պատգամավորը:

Նշենք, որ Մինսկի խումբը ստեղծվել է ուղիղ 19 տարի առաջ` 1992թ. մարտի 24-ին: