Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, Պաշտպանի հանձնարարությամբ, չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» եւ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ, առանձնազրույցներ ունեցել Իջեւանում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորված 10-ը անձանց հետ:
Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձինք բարձրացրել են քրեական վարույթին եւ առաջադրված մեղադրանքներին առնչվող հարցեր: Մասնավորապես, նրանք պնդել են, որ քրեական գործում չկան իրենց մեղսագրվող հանցանքի մասին վկայող ապացույցներ, եւ առաջադրված մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ նրանք նշել են, որ իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքները հիմնված են մեկ անձի՝ ոստիկանության ծառայողի, եւ այն էլ անորոշ ցուցմունքի վրա:
Ինչպես արդեն նշել ենք նախորդ հայտարարությամբ, այս գործով բերման ենթարկելիս եւ ձերբակալելիս Ոստիկանության ծառայողների կողմից վատ վերաբերմունք դրսեւորելու հարցի առնչությամբ արդեն իսկ վարույթ է նախաձեռնված: Այս հարցերն արձանագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ հայտարարությամբ:
Քրեակատարողական հիմնարկներ այցի ընթացքում բարձրացվել են նաեւ առողջական վիճակի հետ կապված խնդիրներ, որոնք ըստ բնույթի եւ անհրաժեշտության քննարկվել են քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, քրեական վարույթին ներգրավված փաստաբանի կամ ազատությունից զրկված անձի ընտանիքի անդամների հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաեւ կալանավորված անձանց փաստաբանների հետ:
«Արմավիր» եւ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների պայմաններից եւ ծառայողների վերաբերմունքից դժգոհություններ չեն ներկայացվել:
Արձանագրված խնդիրներն ամփոփվել են եւ լրացուցիչ գրություններ են հասցեագրվել Դատախազություն, Ոստիկանություն եւ Արդարադատության նախարարություն:
Սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման վարույթի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ձեռնարկել օրենքով պահանջվող բոլոր անհրաժեշտ միջոցները:



























