Հայաստանի ոստիկանությունը հաստատել է տեղեկությունները, որ Կիեւից մարտի 16-ին Երեւան ժամանած Գեւորգ Ալբերտի Մելիքյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը` նկատելով, որ խոսքը «Գեւորիկ անունով «օրենքով գողի» մասին չէ»:

Գեւորգ Ալբերտի Մելիքյանը, ըստ ոստիկանության աշխատակցի, չի ենթարկվել հարցաքննության, «Զվարթնոց» օդանավակայանում ուղղակի պարզել են նրա ինքնությունը, ապա ազատ են արձակել. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ նա հրավիրվել է ոստիկանական բաժանմունք` ինքնությունը հաստատելու համար: Որեւէ հարցաքննություն չի եղել»։

Հարցին, թե ո՞րն է եղել նրան բերման ենթարկելու պատճառը, Մալխասյանը նշել է. «Ես ասում եմ, որ ցանկացած քաղաքացի կարող է բերման ենթարկվել ոստիկանական բաժանմունք` ինքնությունը պարզելու համար»:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, մարտի 16-ին` երեկոյան ժամը 18-ի սահմաններում, Կիեւ-Երեւան չվերթով Երեւան է ժամանել Գեւորգ Ալբերտի Մելիքյանը, ով «օրենքով գող» է եւ հանցավոր աշխարհում հայտնի է որպես «Օշականցի Գեւորիկ»: «Զվարթնոց» օդանավակայանում Գեւորիկին ուղեկցել են ոստիկանության բաժին, որտեղ նա մի քանի ժամ ենթարկվել է հարցաքննության նախնական քննության փուլում գտնվող մի քրեական գործի շրջանակներում: Իշխանական միջանցքներում Օշականցի Գեւորիկի համար արված միջնորդություններից հետո, մի քանի ժամ անց «Գեւորիկն» ազատ է արձակվել, գրել էր «Ժամանակ» թերթը: