Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 23-ից ապրիլի 1-ը աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, Սինգապուրի եւ Ավստրալիա:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սփյուռքի նախարարը ԱՄԷ-ում եղել է Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, այնուհետեւ հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին:
Հ. Հակոբյանը Սինգապուրում կհանդիպի Սինգապուրի հայ համայնքի ղեկավար մարմնի անդամներին, կմասնակցի «Հայկական ժառանգություն» անսամբլի համերգին և կայցելի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Մարտի 28-ին Սփյուռքի նախարարը կմեկնի Ավստրալիա, որտեղ հանդիպումներ կունենա Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչների, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի հետ: Նախարարը կայցելի նաև Համազգայինի Գօլստըն վարժարան, այնուհետեւ Հայ Ազգային Կոմիտեի գրասենյակում կհանդիպի Վարանդ Մկրտիչյանի եւ գրասենյակի անդամների հետ:



























