Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) պատվիրակությունը նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ մեկնել է ՌԴ` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հատուկ նիստին:
Հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին նշում են, որ այդ նիստը նվիրված է պետական պատվերի տեղադրման համակարգի զարգացման խնդիրներին:
Նիստն անցկացվում է «Պետպատվեր 2011» ֆորում- ցուցահանդեսի շրջանակներում, որի բացման պաշտոնական արարողությանը ներկա է եղել նաեւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Այս միջոցառումը գնահատվում է որպես երկխոսության արդյունավետ հարթակ պատվիրատուների եւ մատակարարների միջեւ:
Հայաստանյան կողմն այս առումով հետաքրքրված է էլեկտրոնային աճուրդների ներդրման միջոցով պետգնումների թափանցիկ, մրցունակ եւ ինովացիոն համակարգի ստեղծման ռուսաստանյան փորձին ծանոթանալու հնարավորությամբ:
«Հենց այս համակարգն է, մեր կարծիքով, պետգնումների նկատմամբ հավասարաչափ մատչելիություն ապահովելու համար լրացուցիչ գործիքներ ստեղծում, այդ թվում նաեւ` փոքր բիզնեսի համար` դրանով իսկ բարձրացնելով պետպատվերի որակն ու վստահելիությունը», - զեկույցով հանդես գալով համաժողովի պատվիրակների առաջ նշել է Հայաստանի ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը` ընդգծելով, որ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից է:




























