Որպես ազդեցիկ առաջնորդներ հասարակության կողմից այսօր ընկալվում են ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Րաֆֆի Հովհանիսյանը, սակայն նրանցից յուրաքանչյուրին պետք է դիտարկել որպես առանձին սեգմենտների առաջնորդներ։

Մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Իսկ ընդհանրապես, մենք՝ հայերս, եկել-հասել ենք մի հանգրվանի,  երբ քաղաքական  առաջնորդ կոչվածին չենք առասպելականացնում, նրան ավելի պրագմատիկ ենք վերաբերում»,- նկատեց նա:

Ասուլիսին ներկա հոգեբան Կարինե Նալչաջյանն ավելացրեց, որ Հայաստանում խարիզմատիկ առաջնորդներ ներկայումս չկան։ «Ակնհայտ փայլուն խարիզմայով գործիչներ այլեւս չկան։ Եթե առաջ խոսում էինք Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի մասին, ապա դեռ 2008-ին նրա խարիզման ավելի ազդեցիկ էր գործում, սակայն ներկայումս միայն խարիզմայով մարդկանց չես կարող հետեւիցդ տանել»,- ասաց Նալչաջյանը՝ չբացառելով,սակայն, որ նոր գործընթացների արդյունքում մոտ ժամանակներս կարող են ի հայտ գալ նոր, ազդեցիկ առաջնորդներ։