Ազատության հրապարակում արդեն 11-րդ օրը հացադուլ իրականացնող «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին երեկ` մարտի 25-ին այցելել  են նախագահական նստավայրից: Այս մասին հայտարարեց ինքը` Հովհաննիսյանը` լրագրողների հետ մարտի 25-ին տեղի ունեցած ասուլիսում: Նա նշեց, որ նախագահականի աշխատակիցը հայտնել է, որ ՀՀ նախագահի  ցուցումով իրեն է ուզում հանդիպել նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը եւ առանձնազրույց ունենալ:

Րաֆֆի Հովհաննիսյանն ի պատասպան առաջարկի հայտարարել, թե պատրաստ է Յուրի Վարդանյանին «ցանկացած օր, ցանկացած ժամի ընդունել, միայն թե ոչ թե «փակ»` առանձնազրույցի ֆորմատով, այլ բաց եւ ի տես հանրությանը: «Ասացի, որ պատրաստ եմ ընդունել նրան հանրային իր նստարանի վրա»,-ասաց «Ժառանգության» հիմնադիրը` մատնանշելով այն նստարանը, որի վրա նստած էլ հացադուլ է անցկացնում:

Նշենք, որ երեկ երեկոյան Ազատության հրապարակ էր մուտք գործել արտասահմանյան մակնիշի սեւ գույնի ավտոմեքենա, որից դուրս եկած տղամարդը մոտեցել էր Րաֆֆի Հովհաննիսյանին: Չհայտնելով իր անունը` խորհրդավոր անձը ներկայացել էր որպես նախագահական նստավայրի ներկայացուցիչ եւ մի քանի րոպե տեւողությամբ զրույց ունեցել Հովհաննիսյանի հետ: