Երեւանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ներսես Նազարյանը հաստատել է, որ իրեն հարցաքննել են Հատուկ քննչական ծառայությունում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում:
«Այդ չարաբաստիկ քրգործի շրջանակներում ես հրավիրվել եմ Հատուկ քննչական ծառայություն վկայի կարգավիճակով եւ բացատրություն եմ տվել»,– մարտի 24-ին լրագրողների հետ զրույցում ասել է Նազարյանը: Նա նշել է, որ նախաքննության պատճառով չի կարղ այլ պարզաբանումներ տալ, պարզապես հավաստիացրել է, որ ինքը նման դեպքերի հետ կապ չունի, իսկ իր դեմ նման մեղադրանքներ չեն կարող ներկայացվել. «Աստված հեռու տանի»:
«Մեղավորները պատժվում են եւ էլի պատժվելու են, ինչի մասին հանրությունը կտեղեկացվի: Մեղավորների նկատմամբ ներողամտություն լինել չի կարող: Նման դեպքերը երբեք ղեկավարության կողմից չեն ներվելու եւ չեն անտեսվելու»,- ասել է Նազարյանը:
Հարցին, թե ինչո՞ւ տեղյակ չի եղել Հովհաննես Թամամյանի արարքից, Ներսես Նազարյանը նշել է, թե տվյալ գործն իր վարույթում չի եղել:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 24-ին կալանավորելու որոշում է կայացրել Հովհաննես Թամամյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վ.Ադամյանին ազատել են գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, նրանց աշխատանքից ազատել են կոնկրետ ինչ-որ քրեական գործի շրջանակներում ոչ օբյեկտիվ քննություն իրականացնելու համար:
Նշենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օպրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):




























