Երեւանում տեսադիտման խցիկներ են դրվելու: Այդ մասին մարտի 25-ին կայացած ասուլիսում հաղորդել է Երեւանի ոստիկանապաետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: Նրա խոսքով, տեսախցիկները նախատեսվում է տեղադրել 10 տեղերում: Խոսքը գնում է. մասնավորապես. Օպերայի թատրոնին հարակից տարածքի, Ազնավուրի եւ հանրապետության հրապարակների, նաեւ Մատենադարանի մերձակա հրապարակի մասին: Կենտրոնից դուրս առայժմ նախատեսվում է տեսախցիկ դնել Նժդեհի հրապարակում:
Տեսախցիկների տեղադրումը կօգնի ավելի ակտիվորեն պայքարել հանցավորության դեմ, նաեւ լրացուցիչ միջոց կդառնա պարզելու, թե ով է մեղավոր բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության հետ միջադեպերի ժամանակ` հաշվի առնելով, որ տեսախցիկները տեղադրվում են նման միջոցառումների վայրերում:
Դիտարկմանը, թե մի՞թե ոստիկանությունը նախկինում խնդիրներ է ունեցել իր ճշմարտացիությունն ապացուցելու համար, Նազարյանը բացասական պատասխան է տվել: Ըստ նրա, տեսախցիկները լրացուցիչ զսպիչ գործոն կդառնան հենց ոստիկանների համար:
Տեսախցիկների տեղադրման առաջին փուլն սկսվել է այս տարվա առաջին կիսամյակին:




























