Ընտրական օրենսդրության փոփոխությունների կոալիցիոն տարբերակի եւ ՀՅԴաշնակցության ներկայացրած նախագծի քննարկումներում բարոյական հաղթանակը ՀՅԴ-ի կողմն է: Այդ մասին Հայաստանի Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Երկու նախագծերի քննարկման ժամանակ բոլորին էլ հայտնի էր, թե ում փաստաթուղթն է ավելի լավը, դա հայտնի էր նաեւ հասարակությանը, կառավարող մեծամասնությանը, միջազգային կառույցներին: Ես շատ դեսպանների հետ եմ խոսել, եւ նրանք ասել են, որ ՀՅԴ-ի տարբերակն ամենալավն էր: Ուղղակի կառավարող մեծամասնությունը «բիոզանգվածների» հաղթանակ տարավ: Դա այն հաղթանակն է, որը տանում ես ձեռքերի մեծ քանակության շնորհիվ: Տվյալ դեպքում շատ ձեռքեր ուներ կոալիցիան: Բայց դա իսկական հաղթանակ չէ»,- պարզաբանել է Հովհաննիսյանը: Նա միաժամանակ հայտարարել է, թե Հայաստանում ժողովրդավարության սկզբունքները չեն գործում:

Նշենք, որ նախօրեին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր կառավարող կոալիցիայի ներկայացրած օրինագիծը` ԸՕ-ում փոփոխությունների վերաբերյալ, իսկ ՀՅԴ-ի առաջարկածը մերժվել էր: