Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում ռուս ուղեւորները, որոնք ամենայն հավանականությամբ, ֆուտբոլային ֆանատներ են, խուլիգանություն են կատարել,  հայհոյել են միմյանց ու հարվածներ հասցրել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ոստիկանության «Զվարթնոց»  օդանավակայանի գծային  բաժնում մարտի 25-ին, ժամը 03.30-ին, ահազանգ է ստացվել, որ  Մոսկվա-Երեւան թիվ 191 չվերթի օդանավում խուլիգանություն  է կատարվում:

Ոստիկանության ծառայողներն օդանավի վայրէջքից հետո, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ՌԴ քաղաքացիներ` 41-ամյա Անտոն Վ.-ին, 31-ամյա Բոգդան Ա.-ին, 31-ամյա Սերգեյ Ս.-ին, 29-ամյա Սերգեյ Պ.-ին, 36-ամյա  Դմիտրի Կ.-ին եւ 31-ամյա Միխայիլ Գ.-ին:

Պարզվել է, որ թռիչքի ժամանակ  նրանք վիճաբանել են, հայհոյել, հարվածներ  հասցրել միմյանց, պատճառել մարմնական վնասվածքներ`  խախտելով հասարակական կարգը:

Ըստ որոշ տեղեկությունների ռուս ֆանատները հարբած են եղել:

ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ վաղը` մարտի 26-ին Երեւանում կայանալու է Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը: