Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան չորեքշաբթի հաստատել է վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսի ներկայացրած կառավարության կազմը՝ երեք նոր նախարարներով: «Կառավարության անդամների բոլոր թեկնածությունները համաձայնեցված են եւ հավանություն են ստացել: Կառավարությունից արդյունավետ աշխատանք եմ ակնկալում ի բարօրություն Լիտվայի բնակիչների»,- հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում նշել է պետության ղեկավարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նաուսեդան հուլիսի 24-ին Սկվերնյալիսին նշանակել է երկրի վարչապետ, որը նա ժամանակավոր զբաղեցնում էր հուլիսի 12-ից, երբ տեղի էր ունեցել պետության ղեկավարի երդմնակալությունը, իսկ կառավարությունը, օրենքի համաձայն, նրան հրաժարական էր ներկայացրել: Նախագահը Սկվերնյալիսին հանձնարարել էր կառավարություն ձեւավորել, որն անհրաժեշտ էր անել 15 օրում:

Վարչապետի առաջարկած եւ նախագահի հավանությունը ստացած կառավարությունում փոփոխություններ են կատարվել 14-ից երեքի ղեկավարությունում՝ ՆԳՆ-ի, Տրանսպորտի նախարարության եւ Գյուղատնտեսության նախարարության: