Ծաղկաձորում այսօր` մարտի 25-ին տեղի է ունեցել ԱՊՀ երկրների միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության խորհրդի երկրորդ նիստը, որտեղ որոշվել է մինչեւ 2020 թ գործողությունները համակարգելու համար ստեղծել աշխատանքային խումբ` խորհրդում ՌԴ ներկայացուցչի նախագահությամբ: Հայեցակարգի նախագիծը կներկայացվի խորհրդի հաջորդ նիստի քննարկմանը:
Խորհուրդը հավանության է արժանացրել ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից ներկայացված ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշման նախագիծը` ԱՊՀ ռեգիոնների իշխանությունների ղեկավարների համաժողովի վերաբերյալ: Փաստաթուղթը սահմանված կարգով կքննարկվի ԱՊՀ գործադիր կոմիտեում:
Միջխորհրդարանական վեհաժողովի կողմից ներկայացվել է ԱՊՀ երկրների մերձսահմանային համագործակցության կազմակերպման հարցերի վերաբերյալ տիպային համաձայնագրերի նախագծերի մասին տեղեկատվություն, որն ընդունվել է ի գիտություն: Նիստում խորհրդի նախագահությունը Ռուսաստանից փոխանցվել է Հայաստանին:





























