Հայաստանի խորհրդարանի ղեկավարությունn, ի վերջո, բարեհաճեց այցելել Ազատության հրապարակում հացադուլ անող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ Հովհաննիսյանին այցելեցին ՕԵԿ եւ ՀՀԿ խմբակցությունների ղեկավարներ Հեղինե Բիշարյանն ու Գալուստ Սահակյանը: Դրանից քիչ առաջ Հովհաննիսյանին էին այցելել ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր հետ Աստվածաշունչ էր բերել: Բոլոր պատգամավորները ընկճված էին ընդդիմադիր գործչի հjուծված տեսքից; Նրան ոգեւորելու համար ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը հաճոյախոսություն արեց, թե նիհարելով Հովհաննիսյանն ավելի համակրելի է դարձել:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու փոխնախագահ Սամվել Բալասանյանը համոզեցին Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, քանի որ դա վտանգավոր է առողջության համար, ինչին ի պատասխան Հովհաննիսյանը նշեց, թե երբեմն սկզբունքային որոշումներ են լինում, որոնցից չի կարելի հրաժարվել:

Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ գործընկերների այցը ոգեւորել է իրեն, եւ չնայած դրան չի պատրաստվում դադարեցնել հացադուլը: