Երեւանի պետական համալսարանում այսօր` մարտի 25-ին տեղի է ունեցել ԵՊՀ-ի կողմից կազմակերպվող 2011 թ-ի դպրոցական օլիմպիադայի արդյունքների ամփոփումն ու պարգեւատրման պաշտոնական արարողությունը:

ԵՊՀ մամուլի ծառայությունից NEWS.am_ին հայտնում են, որ պարգեւատրման պաշտոնական արարողությունից առաջ դահլիճում հավաքված դպրոցականներին, նրանց ծնողներին եւ ուսուցիչներին ողջունել է ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Օլիմպիադան օգնում է մեր աշակերտներին զգալ առողջ մրցակցության հատիկը, ավելի խնամքով վերաբերվել մասնագիտության ընտրության հարցին: Սա ոչ միայն ԵՊՀ-ավագ դպրոց կապի ամրապնդման միջոց է, այլեւ հրաշալի առիթ աշակերտ-ծնող-ուսուցիչ եռակողմ աշխատանքի արդյունքների ամփոփման համար»,- նշել է ԵՊՀ ռեկտորը` հույս հայտնելով, որ տարիների ընթացքում օլիմպիադայի մասնակիցների թիվն էլ ավելի կաճի, իսկ աշխարհագրությունն ավելի կընդլայնվի:

Հիշեցնենք, որ արդեն 3-րդ տարին անընդմեջ իրականացվող օլիմպիադան այս տարի անցկացվել է մարտի 19-ին Հայաստանի միաժամանակ երեք քաղաքներում` Երեւանում (Երեւանի պետական համալսարան), Գյումրիում («Պրոգրես» համալսարան) եւ Իջեւանում (ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ): 14 հանրակրթական առարկաների գծով անցկացված մրցույթին մասնակցել է 1619 դպրոցական` ՀՀ 8 մարզերի 137 դպրոցներից: 968 աշակերտ մրցույթին մասնակցել է ԵՊՀ-ում: 464 դպրոցական հայտագրվել է Գյումրիում, իսկ 187-ը` Իջեւանում:

Օլիմպիադայի արդյունքների համաձայն` պատվոգրերի եւ գովասանագրերի են արժանացել 320 դպրոցականներ: 1-ին կարգի մրցանակի են արժանացել 20,  2-րդ կարգի` 42, իսկ 3-րդ կարգի` 85 դպրոցականներ: Գովասանագրերի են արժանացել 173 աշակերտներ: Այս տարի ամենից ակտիվ են եղել «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի մրցույթի մասնակիցները` 289 աշակերտ, 2-րդ տեղում «Անգլերենն» է, 3-րդը` «Մաթեմատիկան»:

«Ես շատ ուրախ եմ: Կարծում եմ` այս օլիմպիադայում ունեցած հաղթանակը հրաշալի սկիզբ է լուրջ կրթական եւ գիտական նվաճումների համար»,- պարգեւատրումից հետո խոստովանել է «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի 1-ին կարգի մրցանակակիր, Վաղարշապատի համար 10 դպրոցի XI դասարանի աշակերտ Խաչիկ Լնդյանը:

Միջոցառումից անմիջապես հետո ԵՊՀ որոշ ֆակուլտետներում անցկացվեց «Բաց դռների օր», որի շրջանակում աշակերտները հնարավորություն ստացան այցելելու ֆակուլտետներ եւ հանդիպելու դեկանների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ: