Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես բիզնեսը դարձնել համագործակցության հարթակների ձեւավորման մասնակից։ Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով՝ կարեւոր է օտարերկրյա գործընկերներին ներկայացնել այն իրողությունը, որը կա Հայաստանում, ինչը թույլ կտա նրանց ավելի արդյունավետ իրագործել բիզնես-նախագծեր։ Նախարարն ընդգծել է, որ պետությունը ձգտում է, որպեսզի ապահովի անհրաժեշտ հարթակ ավելի արդյունավետ գործունեության համար բիզնես միջավայրի ներկայացուցիչների միջեւ։ «Մենք որպես պետական մարմին ունենք այն պոտենցիալը, որը կարող է նպաստել միմյանց հետ բիզնես-միջավայրի ներկայացուցիչների համագործակցության հարթակների ստեղծմանը։
Պետք է հստակ ձեւակերպել, թե ինչ ենք ուզում մենք, ինչպես ենք պատրաստվում առավելագույն արդյունավետությամբ օգտագործել մեր ռեսուրսները, ինչ շուկաներ են մեզ հետաքրքիր եւ որտեղ կա անհրաժեշտություն մեր ռեսուրսների օգտագործման համար։ Լավ օրինակ է ծառայում ամուր փոխկապվածությունը ՏՏ ոլորտի ասոցիացիաների միջեւ։ Նման ձեւաչափն անհրաժեշտ է ապահովել նաեւ տնտեսության այլ ճյուղերում։ Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որպեսզի աշխատենք էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, որպեսզի ապահովենք ավելի արդյունավետ աշխատանք այս ուղղությամբ»,- ամփոփել է Զոհրաբ Մնացականյանը։
Նշենք, որ Երեւանում օգոստոսի 29-ին տեղի են ունեցել «Վերիմաստավորելով հաղորդակցությունը միջազգային տնտեսական հարաբերություններում» քննարկումներ Հայաստանի արտաքին գործերի եւ էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչների ու արտասահմանյան երկրներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանների մասնակցությամբ։





























