Մահացել է Night in the Woods համակարգչային քվեստի հեղինակ Ալեքս Հոլովկան, որին վերջերս մեղադրել էին բռնաբարության մեջ, հաղորդում է 360 հեռուստաալիքը:

Մահվան մասին հայտնել է նրա քույրը՝ Էյլինը: Ըստ ամենայնի՝ խոսքը վերաբերում է ինքնասպանությանը:

Հոլովկայի դեմ մեղադրանքներն առաջադրվել են տեսախաղեր ստեղծող Զոի Քուինի կողմից: Նա պատմել է, որ տղամարդը պահել է նրան իր բնակարանում շուրջ մեկ ամիս եւ սեռական հարաբերություն ունեցել կնոջ կամքին հակառակ՝ խոստանալով օգնել սեփական տեսախաղի ստեղծման հարցում:

Ընդ որում՝ մինչ այդ գեյմ-հանրույթում Քուինի հետ հարաբերությունները, մեղմ ասած, բացասական էին: Դեռեւս 2014 թվականին նրա նախկին զուգընկերը պատմել էր, որ Զոին քնել էր մի քանի լրագրողների հետ, որպեսզի նրանք դրական մեկնաբանություն թողնեին իր մշակած խաղի մասին:

Քուինը հայտնել է, որ Հոլովկային մեղադրելու առիթ էր այլ կանանց հայտարարությունները, որոնք եւս նշել են նրա ոչ նորմալ վարքի մասին:

Նրա հայտարարությունից հետո կարճ ժամանակ անց Night in the Woods-ի մյուս հեղինակները խզել են Ալեքս Հոլովկայի հետ գործնական կապերը:

Հոլովկայի մահից հետո մի շարք խաղացողներ անվանել են Զոի Քուինին մարդասպան: Կնոջ թվիթերյան էջում ի հայտ են եկել հետեւյալ բովանդակությամբ մեկնաբանություններ. «Բավարարվա՞ծ ես» եւ «Ջնջի′ր քո Twitter-ը»: Որոշ ժամանակ անց նա հեռացրել է թվիթերյան իր էջը:

Գեյմ-դիզայների քույր Էյլինը գրել է, որ Հոլովկան տառապել է քրոնիկ հոգեկան հիվանդությամբ, եղել է ծաղրի զոհ եւ ամբողջ կյանքում պայքարել տրամադրության տատանումների եւ անձի խանգարման դեմ:

Նա հավելել է, որ վերջին օրերին Հոլովկան մի քանի անգամ դիմել է հրատապ հոգեբանական օգնության կենտրոն: