ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` մարտի 30-ին հանդիպում է ունեցել հանրապետությունում գործող երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների հետ եւ քննարկել նրանց գործունեությանը եւ երիտասարդների կյանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ԼՂՀ նախագահի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն ընդգծել է, որ երիտասարդների հետ պարբերական հանդիպումները պայմանավորված են հասարակության եւ պետության զարգացման գործում նրանց դերակատարության շարունակական բարձրացման մեջ շահագրգռվածությամբ:
Այս համատեքստում նա նշել է, որ երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներին պետք է նոր որակ հաղորդել, ավելի խորացնել ու ընդլայնել փոխգործակցությունը պետական եւ հասարակական հատվածների, Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:





























