Համընդգրկուն բարեփոխումներ՝ ահա այսօրվա Հայաստանի ոգու նկարագրման առավել ճիշտ բառերը։ Այս մասին Կոլումբիական համալսարանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք շատ ոլորտներում ենք առաջընթացի հասել։ Այսօր Հայաստանն իսկապես ժողովրդավարական երկիր է՝ կայացած մամուլի ազատությամբ եւ հավաքների ազատությամբ։ Ընտրություններում խարդախությունների եւ համակարգային կոռուպցիայի շրջանը մեր երկրում ընդմիշտ փակված է։ Այնուամենայնիվ, դատական անկախ համակարգի բացակայությունը դեռեւս մեծ խնդիր է մնում։ Ցավոք, իշխանության տարբեր ճյուղերի մեջ դատական իշխանությունը մեր երկրում վստահության ամենացածր մակարդակն է վայելում»,- նշել է նա։
Փաշինյանը հավելել է, որ այժմ կառավարությունը բախվում է դիմադրության նրանց կողմից, ովքեր հեղափոխությունից առաջ դատական համակարգի վրա անսահմանափակ վերահսկողություն էին իրականացնում։ «Նրանք հասկանում են, որ դատական հաջողված բարեփոխումների արդյունքում իրենք կկորցնեն Հայաստանում քաղաքական ազդեցության վերականգնման հույսը։ Այդ հույսերը ոչ այլ ինչ են, քան պատրանքներ, որոնք աստիճանաբար քայքայվում են հեղափոխության յուրաքանչյուր փուլում»,- ասել է նա։





























